01.28.1885-01.07.1920

Կենսագրական տեղեկություններ

Կենսագրական տեղեկություններ


Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ - Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ»

Հուշերի երկրում,Տխրություն,Երեկո,Դարձ,Գարուն,Սիրահարվածը,Անանուն սեր


 ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։
Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։
Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջմի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...
1907-1908

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
1908

ԵՐԵԿՈ
Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ...
1908

ԴԱՐՁ
Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...
25/I 1908

ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
1908



ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
1908


ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ
Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ...
Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...
1908

Комментариев нет:

Отправить комментарий